Հունիսի 20-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալեց Եվրամիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Սիսիանի հրշեջ- փրկարարական ջոկատի տնօրինությունը և համայնքապետարանի աշխատակիցներ:

Պատվիրակության կազմում էին Աթենքի ազգային աստղադիտարանի, Գեոդինամիկայի իստիտուտի աշխատակիցներ՝ սեյսմոլոգ, հետազոտությունների գծով տնօրեն, ALTER ծրագրի համակարգող Ջորջ Դրակատոսը , սեյսմոլոգ, ավագ գիտաշխատող, ծրագրի գիտղեկավար Եվանգելիդիս Քրիստոսը: Կիպրոսի եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի ներկայացուցիչներ, Աղետների ռիսկի նվազեցման ազգայի պլատֆորմի /ԱՌՆԱՊ/ տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանը, ծրագրի համակարգող Սուսաննա Մնացականյանը, ծրագրի համակարգողի օգնական Հասմիկ Սարգսյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչներ Ալեն Ամիրխանյանը, Շոն Ռեյնոլդսը և այլք: Հայաստանում Եվրամիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը, որը գործարկվել է ս/թ փետրվարի 1-ից, իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» /ԱՌՆԱՊ/ հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի և Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ: Ծրագրի հիմնական նպատակն է պետություն-մասնավոր գործընկերության ձևավորման, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման պլանավորման և իրականացման ժամանակակից գործընթացների միջոցով բարձրացնել համայնքների դիմակայունությունն աղետների նկատմամբ: Ծրագրում ռիսկային մարտահրավերներից, որպես հիմնական վտանգ, դիտարկվում է ջրհեղեղը, որը կարող է առաջանալ երկրաշարժի հետևանքով ջրամբարների պատվարների վ
թարից և առաջացնել ջրի մեծ արտահոսք դեպի բնակավայրեր և հատկապես այդ տարածքում գտնվող պոչամբարներ: Ծրագիրը նպատակ ունի մեղմելու մարդկանց և շրջակա միջավայրին սպառնացող այդ ռիսկերը: Ծրագիրը երկամյա է և իրականացվում է Սյունիքի և Լոռու մարզերում: Սիսիանի համայնքում, որպես թիրախային բնակավայրեր, ընտրվել են Ույծը, Շաղատը, Որոտնավանը և Բալաքը:Պատվիրակության անդամները համայնքի ղեկավարին ներկայացրեցին ծրագրի համառոտ նկարագիրը և խնդրեցին աջակցել այն պատշաճ կերպով իրականացնել: Ակնկալվում է վարչական ղեկավարների և բնակիչների ներգրավվածությունը վարժանքներին և դասընթացներին, ինչպես նաև ստույգ տվյալների տրամադրում բնակավայրերում առկա խնդիրների և ռիսկերի վերաբերյալ: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը վստահեցրեց, որ համայնքապետարանի աշխատակազմը պատրաստ է ամեն հարցում օժանդակել, առկա բոլոր խնդիրները ըստ էության ներկայացնել և համատեղ նվազեցնել աղետների ռիսկերը:

Add comment