Main content

IMG 9100Սիսիանի համայնքի Շամբ բնակավայրի խաչմերուկից  Շենաթաղ տանող` մոտ 14 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքներն իրականացվում են «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մարտի 23-ին, 6 կիլոմետրն արդեն ասֆալտապատվել է, ավարտը, ըստ պայմանագրի, նախատեսված է 2019 թվականի հունվարի 23-ին։


Վերականգնվող ճանապարհն անցնում է Դարբաս, Գետաթաղ, Լոր բնակավայրերով՝ հասնելով  մինչև Շենաթաղ բնակավայրի կենտրոնական մաս։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն։ Ծրագրի արժեքը 1 միլիարդ 291 միլիոն դրամ է,  80 %ը ֆինանսավորվում է համաշխարհային բանկի կողմից, 20 %ը` ՀՀ պետական բյուջեի:
Ասֆալտապատ ճանապարհով երթևեկելու փաստը ուրախացրել է բոլորին, երկմտանքի մեջ են միայն Դարբաս բնակավայրի բնակիչները: Այստեղ նախատեսվում է իրականացնել մեկ այլ կենսական նշանակության ծրագիր՝ ներքին ջրամատակարարման համակարգի ամբողջական վերանորոգում: Ստացվում է, որ եթե հիմա գյուղը ասֆալտապատվի, համակարգի բարելավման աշխատանքների ընթացքում ստիպված կլինեն քանդել ասֆալտը: Խնդրին լուծում տալու նպատակով բնակավայրեր էին այցելել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սիսիանի ԲՈՒԱՏ-ի տնօրինությունը և Ջրային տնտեսության ԾԻԳ-ի աշխատակիցները: Պարզվեց խնդիրը միայն Դարբասի ներքին ասֆալտապատմանը չէր վերաբերում, ջուրը Շենաթաղից Դարբաս հասցնելու համար ստիպված պետք է դադարեցվի նաև այդ հատվածի ասֆալտապատումը, դա նշանակում է, որ պետք է ասֆալտապատվի միայն Շամբի խաչմերուկից մինչև Դարբաս բնակավայր՝ շարունակությունը թողնելով ջրամատակարարման համակարգի վերանորոգումից հետո: Երկար քննարկումների արդյունքում կողմերը եկան համաձայնության, հարցը պետք է լուծվի միայն ու միայն ի շահ բնակիչների: Սիսիանի ԲՈՒԱՏ- ը  Շենաթաղից մինչ Դարբաս, ասֆալտապատմանը զուգահեռ, կտեղադրի նաև ջրատար խողովակները՝ չսպասելով ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքների մեկնարկին: Իսկ Դարբաս բնակավայրի ասֆալտապատումը կկատարվի ներքին համակարգի վերանորոգումից հետո:
Նշենք նաև, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագիրը ներառում է նաև մայթերի ու ջրահեռացման համակարգերի կառուցումը և վերոնշյալ բնակավայրերի դպրոցներ տանող ճանապարհահատվածների ասֆալտապատումը:


 

Add comment