Main content

FB IMG 1539709517181Հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզպետարանում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության այսօրվա 1129-Ա որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել էր ՀՀ Սյունիքի մարզպետ:

Մարզպետին ներկայացնելու հանդիպմանը ներկա էին Սյունիքի նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանը, մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի աշխատակազմը, ուժային կառույցների մարզային ծառայությունների ղեկավարները: FB IMG 1539709527094
Նախարար Սուրեն Պապիկյանը շեշտեց՝ մեկ անգամ չէ, որ առիթ է ունեցել նշելու, թե Սյունիքն ինչ կարեւորություն ունի Հայաստանի համար, կառավարության համար, իսկ հանրապետության բոլոր անկյուններում օրինականության գոյության մասին որեւէ քաղաքացի կասկած չպետք է ունենա: «Առաջիկայում մեզ սպասում են կարեւոր իրադարձություններ, գալիք խորհրդարանական ընտրություններում դնելու ենք նոր Հայաստանի հիմքը, եւ այդ Հայաստանում ընդմիշտ պետք է արմատախիլ արվի թայֆայական մտածողությունը, - ասաց նախարարը՝ շարունակելով, - պարոն Պողոսյանին ներկայացնելու, նրա մասին խոսելու կարիք, կարծում եմ, չկա , որովհետեւ ձեզ ներկայացնում եմ սպայի, ՀՀ ոստիկանության գեներալի, իսկ նոր Հայաստանում ոստիկանը, սպան պետք է օրինականության խորհրդանիշը լինեն»:
Սուրեն Պապիկյանը նաեւ խոստացավ, որ յուրաքանչյուր քաղաքացու՝ նոր իշխանության ներկայացուցչի հակաօրինական արարքի մասին ներկայացրած փաստ օրինական արձագանք կստանա:
«Նոր Հայաստանն իր հետ բերել է նոր իրողություններ, եւ այն մարդիկ, ովքեր կարողանում են տեղավորվել այդ իրողություններում մեզ հետ երկար ճանապարհ ունեն անցնելու», - հավելեց նախարարը՝ շնորհավորելով մարզպետին եւ մաղթելով բեղուն գործունեություն:
Ս.Պապիկյանը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Կարեն Համբարձումյանին կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությանը ծառայելու համար: Կ.Համբարձումյանը եւս շնորհավորեց եւ բարի կառավարում մաղթեց Հունան Պողոսյանին՝ վստահեցնելով, որ սյունեցիները պետականամետ են, իսկ ինքը այսուհետ եւս պատրաստակամ է աջակցել նրան՝ ի շահ Սյունիքի:
Նորանշանակ մարզպետը մարզի ղեկավարումն իրեն վստահելու համար շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, կառավարությանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին ու նշելով, որ նախկինում էլ իր աշխատանքի բերումով առնչություն է ունեցել մարզի հետ՝ դիմեց ներկաներին. «Խնդրում եմ, որ ինձ համարեք ձեզանից մեկը, հավատացեք՝ իրոք այդպես է, եւ եթե ինձ ընդունեք՝ որպես ձեզանից մեկը, հաջողություններ կունենանք»:
Նշենք նաեւ, որ մինչ մարզպետարանում նախատեսված հանդիպումը, նախարարը, մարզպետն ու Կապան այցելած ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանն այցելեցին Կապանի քաղաքային մարզադաշտ եւ ծանոթացան այն խնդիրներին, որոնց պատճառով այժմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբն այստեղ հանդիպումներ չի ունենում:
Սյունիքի մարզպետարան 

Add comment