Main content

45099873 727241664323021 7131692735722946560 nՍյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր քաղաքաշինական հարցերի քննարկման եւ հանձնարարականներ տալու նպատակով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին մարզի համայնքապետարանների քաղաքաշինության բաժինների պետերը, համապատասխան ոլորտը համակարգող փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության աշխատակիցները, մարզի դատախազը, ոստիկանության մարզային վարչության ներկայացուցիչը: 


Հանդիպման հիմնական առանցքն ու մտահոգիչ թեման մարզում ինքնակամ հողազավթումներն ու ապօրինի շինարարության դեպքերն էին, դրանց ծավալներն ու համայնքապետարանների գործողությունները կամ անգործությունը տվյալ բնագավառում:
Հունան Պողոսյանը քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց լինել օբյեկտիվ, քաղաքացիների նկատմամբ անձնավորված վերաբերմունք չդրսեւորել, խստորեն պահպանել օրենքը, հետեւողական լինել ապօրինի շինարարությունը ժամանակին հայտնաբերելու, վարչական վարույթներ սահմանելու եւ համապատասխան գործողություններ կատարելու իրենց պարտականություններում: 
Խորհրդակցությանը ներկա իրավապահ մարմինների ներկայացուցիչներն էլ նշեցին, որ իրենց արձանագրած եւ ուղարկած թերացումների փաստերին համայնքապետարանները ժամանակին եւ պատշաճորեն չեն արձագանքում՝ քննության չեն առնում, գրություններին չեն պատասխանում: Օրինակ՝ 2018թ. ոստիկանության մարզային վարչությունը ապօրինի շինությունների մասին 45 իրազեկում է ուղարկել համայնքներ, միայն 10-ին են պատասխանել: 
Մարզի ղեկավարը հանձնարարեց համայնքներում եւս մեկ անգամ օբյեկտիվորեն գույքագրել ապօրինի կառույցները, նաեւ երկար տարիներ առաջ կառուցվածները, որոնք փաստացի տիրապետում են շարքային քաղաքացիները, եւ կփորձեն համայնքապետարան-մարզպետարան-կառավարություն համագործակցությամբ դրանք օրինական դաշտ բերել: Իսկ ակնհայտ խախտումներն ու նախկինում արտոնյալ համարվող անձանց կողմից կատարված ապօրինությունները պետք է համապատասխան արձագանք ստանան՝ բացառելով այսուհետ նման երեւույթները:
Հունան Պողոսյանը նաեւ պահանջեց սեղմ ժամկետներում պատասխանել ոստիկանության եւ դատախազության անպատասխան մնացած գրություններին՝ նշելով, որ 10 օր հետո նույն կազմով եւ նույն թեմայով կրկին հանդիպում կլինի, եւ ներկաները պետք է զեկուցեն կատարած կոնկրետ աշխատանքի ու ցուցանիշների մասին:

Սյունիքի մարզպետարան

Add comment