Main content

14330167 1834863106737590 2535642096539828799 n

Հարգելի՛ հայրենակիցներ, նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում սահմանված է որպես տեղական ինքնակառավարման մարմինների օր: Այս տարի լրանում է ՏԻՄ կազմավորման 22 ամյակը, ինչի առիթով շնորհավորում եմ համայնքների ղեկավարներին, վարչական ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին և ոլորտի բոլոր աշխատակիցներին:
 2017 թվականի նոյեմբերին կազմավորվեց Սիսիանի խոշորացված համայնքը՝ ներառելով 32 բնակավայր՝ 2 քաղաքային, 30 գյուղական: Համայնքի ՏԻՄ-ը իր լիազորությունները ստանձնեց նոյեմբերի 13-ին, և հենց այդ օրվանից սկսվեց դժվարին մի փորձաշրջան, որն, իմ կարծիքով, կարողացանք պատվով հաղթահարել:

Վարչական ղեկավարների, աշխատակազմի և ավագանու համատեղ, արդյունավետ աշխատանքի շնորհիվ անցնող մեկ տարին դարձավ բազմաթիվ ծրագրերի իրականացման, համայնքի զարգացման տեսլականի և հետագա անելիքների հստակեցման տարի: Կյանքի են կոչվել բազմաթիվ գյուղատնտեսական, բնապահպանական և սոցիալ-տնտեսական ծրագրեր, կատարվել են բարեկարգման, աշխատանքներ, լուրջ հաջողություններ ենք գրանցել մշակութային և սպորտային բնագավառներում, այս պահին ընթացքի մեջ են խաղահրապարակների կառուցման և ՆՈՒՀ-երի արդիականացման սուբվենցիոն ծրագրերը: Մեկ առ մեկ վերլուծության են ենթարկվել համայնքում առկա բոլոր հիմնախնդիրները, որոնց լուծման նպատակով մշակվել է  միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ռազմավարություն: Եվ այս ամենը՝ Սիսիանի խոշորացված համայնքի ՏԻՄ բոլոր օղակների շղթայված, համախմբված աշխատանքի շնորհիվ: Եվս մեկ անգամ շնորհավորելով  ՏԻՄ կազմավորման 22 և Սիսիանի բազմաբնակավայր համայնքի կազմավորման 1 ամյակները՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համայնքի բոլոր վարչական ղեկավարներին, ովքեր իրենց բազմամյա փորձը ծառայեցնում են ի բարօրություն համայնքի: Շնորհակալություն ավագանու անդամներին հանուն բնակչության բարեկեցության և հանուն համայնքի զարգացման կայացրած որոշումների համար: Շնորհակալություն համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցներին  նվիրված ու սրտացավ աշխատանքի համար: Սիսիանի համայնքի հարգելի՛ բնակիչներ, առանձնահատուկ շնորհակալություն ձեզ, մեկ տարի առաջ համայնքի ղեկավարումն ինձ վստահելու համար, արված աշխատանքները գնահատելու և  չարվածին ըմբռնումով մոտենալու համար: Ձեր քննադատություններն ու առաջարկությունները ուղեցույց են էլ ավելի լավ և արդյունավետ աշխատելու համար:  Հարգելի՛ հայրենակիցներ, որպես համայնքի ղեկավար վստահեցնում եմ՝ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հիմքում  ձեր հույսերի արդարացումն ու  կյանքի որակի բարելավումն է: 
Սիսիանի համայնքի ղեկավար՝ Արթուր Սարգսյան

Add comment