Main content

IMG 9562Փետրվարի 11-ին Սիսիանի համայնքի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեց Սիսիանի նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և բուժքույրերի հետ: Նրանց հանձնարարվեց ՆՈՒՀ-երին մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ լինել առավել խստապահանջ, հետևել, որպեսզի երեխաների համար նախատեսված մթերքը համապատասխանի մատակարարների հետ կնքված պայամանագրերում նշված տեխնիկական բնութագրերին:

Քննարկվեց վերջերս «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ի կողմից մանկապարտեզներին կարագի փոխարեն  սփրեդի մատակարարման փաստը: Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մամուլի հաղորդագրություն էր տարածել առ այն, որ 2020թ. հունվարի 20-ին Սիսիանի համայնքապետարանից ստացել են գրություն, որում կասկածներ են եղել այն մասին, թե պետական գնումների շրջանակներում համայնքի մանկապարտեզներին մատակարարվող կարագը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված չափանիշներին: Տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել Սիսիան քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախ կատարվել է մատակարարվող կարագի հսկիչ գնում, որի շրջանակներում էլ, ապրանքատեսակի նույնականացման նպատակով, իրականացվել է նաև նմուշառում մանկապարտեզներից: Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության: «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքները փաստել են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատակարար հանդիսացող «Սիսիանի Հաց» ՍՊԸ-ի կողմից «սերուցքային կարագ»-ի անվան տակ մատակարարվել է բուսաճարպային սփրեդ, որը ճարպաթթվային կազմով չի համապատասխանում կարագին ներկայացվող պահանջներին և պարունակում է բուսական յուղեր:

Նմանօրինակ խնդիրներից խուսափելու և հետայսու առավել ուշադիր լինելու համար ՆՈՒՀ-երի տնօրեններին հանձնարարվեց ընդունել  բացառապես որակյալ սնունդ, փոքր-ինչ թերություն նկատելու դեպքում արձանագրել և հրաժարվել սնունդը ընդունելուց՝ գործելով պայմանագրում ամրագրված պարտավորությունների և իրավունքների շրջանակներում: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՆՈՒՀ-երի աշխատանքներին վերաբերող մի շարք այլ հարցեր:IMG 9555IMG 9560IMG 9563

Add comment


1