Main content

IMG 0419Մարտի 7-ին աշխատանքային այցով Սիսիանում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը: Նրանց հյուրընկալեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

Այցի նպատակն էր քննարկել ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգի ձևավորման շրջանակներում նախարարության կողմից  իրականացվող ծրագրերը, տարեցների համար նախատեսվող ծառայությունների նոր մոդելները:

IMG 0424
Նախարարությունը մշակել է «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման հայեցակարգային ուղղությունները» նախագիծ, որը նպատակ ունի իրականացնել խնամքի ինստիտուցիոնալ ծառայություններից աստիճանաբար անցում համայնքային ծառայությունների՝ շեշտադրելով ընտանիքի և համայնքի դերը տարեց մարդկանց կյանքում: Նախարարությունը առաջարկում է տարեցներին մատուցվող այլընտրանքային ծառայությունների մի քանի մոդելներ, որոնց թվում խնամքի համայնքային փոքր տների և ցերեկային խնամքի կենտրոնների ստեղծումը: Գեմաֆին Գասպարյանի խոսքով կառավարության և համայնքի աջակցությամբ խնամքի կենտրոններ կարող են հիմնել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բոլոր ցանկացողները: Ծրագրի գլխավոր նպատակն է ապահովել  տարեցների ակտիվ ապրելակերպը, նպաստել սոցիալականացմանն ու շարունակական կրթության ապահովմանը: Ծրագիրը կնպաստի նաև համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը:IMG 0435
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում խոսեցին ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված քայլերի, ծրագրերի մասին: Համայնքի ղեկավարը իր խոսքում ներկայացրեց համայնքի զարգացման տեսլականը, առկա սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը, քննարկվեցին ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Արթուր Սարգսյանը կարևորելով  նախարարության կողմից տարեցների համար մշակված խնամքի ծառայությունների նոր մոդելները, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, համայնքում աշխատատեղերի ստեղծման հեռանկարը՝ պատրաստակամություն հայտնեց հնարավորության սահմաններում աջակցել ծրագրի իրականացմանը: 

Add comment


1