Main content

83897120 2628728434017716 4398315543560454144 oՍիրելի՛ հայրենակիցներ,  Հայրենական Մեծ պատերազմի  և  Արցախյան ազատամարտի վետերաններ, շնորհավորում եմ Մայիսյան տոների՝ Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման,  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման, ինչպես նաև՝  երկրապահի օրվա առթիվ: Մայիսը փառապանծ հաղթանակների, հայ ժողովրդի երազանքների իրականացման և  անմահ հերոսների հիշատակի ոգեկոչման ամիսն է:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից ռազմաճակատ են մեկնել հինգ հազարից ավելի սիսիանցիներ: Նրանցից շատերն են անմահացել պատմության էջերում, շատերը չեն վերադարձել՝  կյանքի գնով պաշտպանելով հայրենիքը: Հաղթանակի դափնին վայելած մեր պապերից շատ պատմություններ ենք լսել դաժան պայքարի ու փառահեղ հաղթանակների մասին, լսել ու հպարտացել ենք, որ Խորհրդային միության հերոսի կոչմանն արժանացած մեր հայրեանկիցներից չորսը Սիսիանի տարածաշրջանից են՝ Սամսոն Մկրտումյան, Լիպարիտ Իսրայելյան, Անդրանիկ Մանուկյան և Գեորգի Առուստամյան: Եվ հենց այս պատմություններով մեծացած սերունդն էր, որ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից, իրենց պապերի սխրանքով ոգեշնչված, խաղաղության և ազատության երազանքով, մեկնեց Սրբազան պատերազմ:
1992 թվականի մայիսի 9-ին մեր հերոս տղաները օրվա տոնական խորհուրդը կրկնապատկեցին՝  ազատագրելով բերդաքաղաք Շուշին: Խոնարհո՛ւմ նրանց սխրանքի, նրանց անձնազոհության առաջ, հավերժ փա՛ռք մեր զոհված հայորդիներին, հավերժ փա՛ռք հաղթանակ կերտած, հայոց պատմությանը հաղթանակներ պարգևած քաջորդիներին: Մայիսյան տոները համալրվեց նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորմամբ: Բանակ, որն, ինչ խոսք, մեր ժողովրդի մեծագույն նվաճումներից մեկն է, ազատության ու խաղաղության գլխավոր երաշխիքը:
Կրկին անգամ մայիսյան տոների առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման ակունքներում կանգնած երկրապահ քաջերին, Հայրենական Մեծ Պատերազմի մեր հարգարժան վետերաններին, հայրենիքն ու հայոց պետականությունը ամեն ինչից վեր դասող բոլոր բոլորին:

Add comment


1