Main content

FB IMG 1586236355122 640x426Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահության համակարգի հարգարժան աշխատակիցներ, Սիսիանի համայնքի բնակչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ և մեր խորին շնորհակալությունը հայտնում համավարակի օրերին ձեր անմնացորդ նվիրումի և բուժսպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու համար: Ստեղծված իրավիճակը կրկին անգամ ապացուցեց, որ բժիշկը ոչ թե մասնագիտություն է, այլ՝ կոչում, որին արժանանում են քչերը, միայն նրանք, ովքեր պատրաստ են անձնազոհության՝ մարդասիրությունը վեր դասելով ամեն ինչից: Այսօր բուժաշխատողներն ու առողջապահության ոլորտի աշխատակիցները, COVID-19 անունով վերահաս աղետի դեմ պայքարում, մշտարթուն զինվորների նման առաջնագծում են, օրերով ընտանիքներից ու հարազատներից հեռու, անքուն գիշերներ անցկացնելով, իրենց առողջությունը վտանգելով, պատասխանատվության բարձր զգացումով պայքարում են բոլորիս առողջության համար:
Սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ ձեզ ծով համբերություն, առողջություն և լավատեսություն, եղեք մեր կողքին, ձեր հոգատարությամբ ու տոկունությամբ ուժ տվեք բոլորիս, չհանձնվե՛ք, մենք միասին կկարողանանք հաղթահարել այս փորձությունը՝ վերականգնելով կյանքի բնականոն ընթացքը:
Սրտանց շնորհավորում եմ նաև վետերան բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր մեծ ավանդ ունեն մեր երկրում առողջապահական ոլորտի զարգացման և կայացման գործում:
Միաժամանակ շնորհավորում եմ նաև ռազմական բուժաշխատողներին, ովքեր ծառայում են՝ հոգ տանելով մեր զինվորների, հայրենիքի պաշտպանների առողջության համար:
Նորից ու նորից շնորհավորում եմ, սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահության համակարգի հարգարժա՛ն աշխատակիցներ՝ հայտնելով երախտիքի խոսքեր ու մաղթելով քաջառողջություն, հաջողություններ և խաղաղ օրեր:

Add comment


1