Հունիսի 26-ին և 27-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը Մուցք, Բալաք, Շաղատ, Անգեղակոթ, Շաքի, Բռնակոթ և Իշխանասար բնակավայրերում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մասնակցեցին 124 քաղաքացիներ, համայնքի ղեկավարին ներկայացվեցին թե՛ անձնական և թե՛ ընդհանուր բնույթի խնդիրներ:

Վերոնշյալ բոլոր բնակավայրերում դաշտամիջյան և միջբնակավայրային ճանապարհների վերանորոգումը առաջնային լուծում պահանջող խնդիր է: Այս պարագայում է, որ առավել զգալի է դառնում համապատասխան տեխնիկայի բացակայությունը, սակայն, ելնելով նրանից, որ այժմ խոտհունձի ակտիվ շրջանն է, համայնքապետարանը փորձում է ճանապարհների բարեկարգման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Մուցք բնակավայրում նախատեսվում է մշտական ջրով ապահովել կենցաղի տունը, անհրաժեշտ շինանյութը կտրամադրվի համայնքի ղեկավարի կողմից: «Մուցքում ոռոգման ցանցի կառուցման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային,-նշեց համայնքի ղեկավարը,-այս ուղղությամբ համայնքապետարանի կողմից հստակ ծրագիր է մշակվել և մի քանի բարեգործական ընկերությունների հավանությանն է ներկայացվել»: 
Բալաք բնակավայրում բնակիչները խնդրեցին ավարտին հասցնել կենցաղի տան վերանորոգման աշխատանքները, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ առաջիկայում աշխատանքները կվերսկսվեն: Ինչպես Մուցքում, այնպես էլ Բալաքում սեփական տների վերանորոգման խնդրանքով դիմած քաղաքացիները կստանան համայնքի ղեկավարի աջակցությունը: Շաղատում Արթուր Սարգսյանը այցելեց նախակրթարան, որի երկրորդ հարկի չորս սենյակները համայնքապետարանի և Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային ծրագրի համատեղ միջոցներով վերանորոգվել են: Սենյակները կծառայեն որպես խաղասենյակ, ննջարաններ և բուժքույրի աշխատասենյակ: Շաղատում մի խումբ երեխաներ խնդրեցին, ոպեսզի գյուղի մշակույթի կենտրոնը և գրադարանը գործեն, խնդիրն, իհարկե, արդեն լուծված էր, մշակույթի կնտրոնը և գրադարանը համայնքի ղեկավարի որոշմամբ կշարունակեն գործել: Շաղատի բնակիչների հետ գյուղին առնչվող խնդիրների շուրջ երկար ու մտերմիկ զրույց ծավալվեց, բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: Անգեղակոթ բնակավայրում բուժօգնության, աշխատանքի տեղավորման և ֆինանսական օգնության խնդրանքով դիմած քաղաքացիներին համայնքի ղեկավարը խոստացավ հնարավորության սահմաններում ընդառաջել: Լուծվեց նաև ջրատար խողովակների վերանորոգման խնդիրը, հին և փտած խողովակները փոխարինվեցին նորերով:
Շաքի բնակավայրում ևս խնդիրներ շատ կան, որոնք բնակիչները քննարկեցին համայնքի ղեկավարի հետ՝ ստանալով սպառիչ և գոհացուցիչ պատասխաններ: Բուժկետի շենքը մշտական ջրով ապահովելու համար վարչական ղեկավարին հանձնարարվեց համապատասխան ուսումնասիրություններ կատարել և խնդրին լուծում տալ: Ոռոգման ցանցի և խմելու ջրի որակից դժգոհեցին Բռնակոթ բնակավայրում, տեղում համայնքի ղեկավարը կապ հաստատեց համապատասխան կազմակերպությունների հետ՝ խնդրելով հարցերին լուծում տալ: Տնային պայմանների բարելավման խնդրանքով էր դիմել մեկ քաղաքացի, դիմումը առաջիկայում կքննարկվի և հնարավորության սահմաններում դրական պատասխան կտրվի՝ խոստացավ համայնքի ղեկավարը: Իշխանասար բնակավայրում քննարկումներն անցան քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ: Այստեղ անհատական խնդրանքներ գրեթե չկային, բոլորի պահանջները վերաբերվում էին գյուղին: Որոշ խնդիրների ուղղությամբ տրվեցին դրական պատասխաններ, որոշներն էլ կսպասեն իրենց լուծմանը: Բոլոր բնակավայրերում համայնքի ղեկավարի խնդրանքն էր՝ մի փոքր համբերատար լինել, խոշորացումից հետո խոշորացել են նաև համայնքում առկա խնդիրները, կուտակվել ու մեկտեղվել են համայնքապետարանի ուսերին: Նախկինում գյուղապետարանների կուտակած մոտ 80 մլն դրամ պարտքը, համայնքի խոշորացումից հետո, մարվել է, ինչն էլ խոչընդոտել է առավել լայնածաված աշխատանքների կատարմանը: Նշենք նաև, որ համայնքի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ հնչած բոլոր հարցերը արձանագրվել են և հերթականությամբ կստանան իրենց լուծումները:

Add comment