Main content

39015412 311320546104578 6335941381466357760 nՓակեց աչքերը, կանգնեց ժայռի եզրին, ականջ դրեց ալիքներին, որոնք միաձայն պատմում էին նրա մասին։

Շնչեց օվկիանոսից դեպի իրեն եկող սառը օդի կենարար չափաքանակը, ցատկեց անսահմանության խորհրդանիշ հրամցնող ալիքների գիրկը․․․ Հաշված րոպեներ անց նրա հոգին նշանառության տակ վերցրեց անսահման տիեզերքը՝ փնտրելով իր միակին․․․

Մենք անդրադարձել էինք ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանի՝ 2017թ․ լույս տեսած ՝ «Քո մասին են պատմում ալիքները» անդրանիկ գրքին։ Շուտով նա ընթերցողի դատին կհանձնի երկրորդ գիրքը։
Կրկին ցանկացել է մտքերը հավաքել ու ամբողջացնել։ Չի կարողացել մոռանալ առաջին գրքի հրատարակումից առաջ և հետո ունեցած իր անհանգիստ ապրումները։ Կարծում է՝ ստեղծագործական կյանքում առաջին գիրքը հրատարակելը մեծ ու կարևորագույն փորձություն է, և դրանից են կախված հետագա քայլերը։dd «Ինձ մոտ ստացվեց, կարծում եմ։ Գիրքս մեծ պահանջարկ էր վայելում, սկսեցին կարդալ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ սփյուռքահայ համայնքներում։ Ստեղծագործությունս ընթերցասերներին ավելի հասանելի դարձնելու համար գրքի բազմաթիվ օրինակներ նվիրել եմ տարբեր գրադարանների, այդ թվում նաև իմ ծննդավայրի՝ Սիսիանի քաղաքային և Հայաստանի ազգային գրադարանին։ Նոր գործս արդեն ավարտին եմ հասցնում, կհրատարակեմ։ Համոզված եմ, որ դառնալու է բազմաթիվ մարդկանց սիրելի գրքերից մեկը»։

Թե ինչ պայմաններում է ստեղծագործում հեղինակը, պատասխանը ռոմանտիկ էր։ «Նախորդ գիրքս ամբողջությամբ գրել եմ ծովի ափին։ Եթե հնարավոր է ստեղծագործելիս մասնակից դարձնել բնության՝ քեզ համար հարազատ դրսևորումները, ապա մի քանի անգամ ավելի լավ արդյունք կարող է տալ»։

Առաջին անգամ բարձրաձայնեց վերնագիրը՝ «Օվկիանոսից էլ այն կողմ․․․», նշեց, որ իրադարձությունները ծավալվում են բաց օվկիանոս դուրս եկած ճանապարհորդական նավի վրա, որտեղ հիմնական հերոսներն են բնությունն ու զգացմունքները։

Դավիթ Հովհաննիսյանը ի՞նչ կարծիք ունի այսօրվա, մասնավորապես հայ ժամանակակից գրականության վերաբերյալ։ Ասաց, որ հստակ գնահատական չի տա, ավելի շատ կխոսի ցանկության մասին․ «Առաջին գիրքս հրատարակելուց առաջ այցելեցի մայրաքաղաքում գտնվող հայտնի գրախանութներից մեկը։ Աշխատողին խնդրեցի ցույց տալ սիրավեպերի հայ գրողների հաջողված տարբերակները։ Նա առաջարկեց արտասահմանյան գրողների գործեր։ Ներքուստ շատ տխրեցի նրա պատասխանից, բայց ի՞նչ արած։ Կցանկանայի, որ այդ նույն վաճառողուհին, այդ նույն գրատանը մի քանի տարի անց նույն հարցիս ի պատասխան առաջարկեր տասնյակների հասնող ստեղծագործություններ հենց հայ գրողներից»։

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ նախ յուրաքանչյուր թեմա բարձրաձայնելիս պետք է ուշադրություն դարձնես մատուցման արվեստին, որ կարդալիս ձանձրալի չլինի, թեման էլ մշտապես արդիականն է՝ սերը։

Շատ է սիրում հատկապես մեծ էկրանին ֆիլմեր դիտել, ինչը իր համար ոգեշնչման աղբյուր է։ «Ես կարողանում եմ հարստանալ նոր մտքերով, կարողանում եմ ժամանակի հոսքի մեջ մնալ, մտքերս բառեր են դառնում»։

Արդյո՞ք ոստիկանական համակարգում աշխատանքը չի խանգարում ստեղծագործել, Դավիթ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ոչ։ «Ոստիկան լինելը ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև առաքելություն։ Նվիրված եմ իմ գործին, ոստիկանի պատիվն ու անունը բարձր պահող մոտեցումներին։ Ստեղծագործում եմ միայն այն օրերին, երբ ծառայությունից դուրս ունենում եմ հանգստյան օրեր կամ անգամ ժամեր»։

Հեղինակը ձգտում է օր առաջ լուծում տալ տպագրման մասով առկա խնդիրներին, պլանավորում տպագրելուց հետո գրքի օրինակներից նվիրել նաև սփյուռքահայ համայնքներին, ներդրում ունենալ ոստիկանություն-հասարակություն և Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման գործում։

Ապրենք մեր կյանքի բոլոր ակնթարթներն այնպես, որ ժամանակը մեզ անսահման թվա, չէ՞ որ չենք կարող ետ տալ ժամանակը, ինչպես անհնար է, որ նույն ալիքը նորից հասնի նույն քարին, նույն քարափին․․․

Անուշ Միրզոյան
zangezur.tv

 

Add comment


1