Main content

94362642 1599639960200691 763634516530036736 n30 տարի առաջ՝ 1990 թվականի գարնանը, ազգային-քաղաքական և հոգևոր-մշակութային զարթոնքի մթնոլորտում Հայոց համազգային շարժման (մինչ այդ` Ղարաբաղյան շարժման) Սիսիանի մի խումբ ակտիվիստների՝ Մասիս Բաղդասարյանի, Մայիս Պողոսյանի, Արտաշես Եսայանի, նկարիչներ Վալերիկ Ստեփանյանի, Սլավիկ Խաչատրյանի, Աշոտ Ավագյանի, Արշակ Մարգարյանի և բրուտ Վարդան Ղազարյանի նախաձեռնությամբ, նրանց համախոհների անմիջական մասնակցությամբ, տեղական իշխանության մարմինների համաձայնությամբ և օժանդակությամբ Սյունի վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի հարևանությամբ կառուցվեց հայոց ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Վերջինս կազմված էր քառակուսի հարթակի վրա դրված չորս կտոր գրանիտե քարերից, որոնց բաժանման գծերով խաչ էր ձևավորվում: Քարերի նման դասավորության միտքը հուշարձանի կառուցման նախաձեռնողներին հուշել էր քանդակագործ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:

Հուշարձանի կառուցմանը անհրաժեշտ շինանյութերով օգնել էր Սիսիանի քաղաքային խորհրդի շինարարական կազմակերպությունը: Գրանիտե քարերը նվիրաբերել էր անգեղակոթցի անհատ ձեռներեց Գուրգեն Պողոսյանը:
Սկսած 1965 թվականից, Սիսիանում ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հիշատակը հարգում էին առավելապես կիսալեգալ պայմաններում՝ որոշ բլուրների վրա անվադողեր այրելով: Եվ ահա 1990 թվականի ապրիլի 24-ին սիսիանցիները առաջին անգամ արժանապատվորեն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերին՝ այցելելով և ծաղիկներ դնելով նորաստեղծ հուշաքարին:
1993 թվականին Սիսիանի Զինվորական պանթեոնի կառուցմանը զուգահեռ, ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հուշարձանը զգալիորեն վերակառուցվեց և ստացավ ներկայիս տեսքը:
Ներկայացված լուսանկարը պատկերում է 1990 թվականի գարնանը Սյունի վանքի մոտ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ զոհերի հուշարձանի կառուցման ընթացքը: Աջ կողմում՝ հուշարձանը շինող քարգործ վարպետներն են՝ Վաղինակ Վարդանյանը և Սլավիկ Խաչատրյանը: Նրանց օժանդակում են (ձախից՝ աջ) Վալերիկ Ստեփանյանը, Յուզիկ Հակոբջանյանը, Յուրա Ծառուկյանը և Սասուն Բաղդասարյանը:
Տեքստի հեղինակ՝ ԹԱԹՈՒԼ ՍՅՈՒՆԻ
Լուսանկարը՝ Սամվել Հարությունյանի: Լուսանկարը պատմության թանգարանին է նվիրել Թաթուլ Սյունին:

Add comment


1