Main content

16790469 10203070592043371 1814545157 n e1487243024480 254x300
Ժամանակին առիթներ շատ եմ ունեցել հանդիպելու և զրուցելու Հայրենական Մեծ պատերազմի` սիսիանցի վետերանների հետ։ Հենց պատերազմի սկզբից հաղթանակի նկատմամբ հավատն այնքան մեծ է եղել, որ նրանց թվացել է, թե այն մի կարճ ժամանակաշրջանի խնդիր է, և որ շատ արագ ագրեսորը կջախջախվի ու կշպրտվի երկրի սահմաններից դուրս։

Ոչ ոք անգամ չի էլ մտածել, թե այն կվերածվի մի անողոք սպանդի և կշարունակվի չորս երկար ու ձիգ տարիներ։ Պատերազմի հենց հաջորդ օրը՝ հունիսի 23-ին, Սիսիանի բոլոր բնակավայրերում տեղի ունեցան բազմամարդ միտինգներ։ Ըստ շրջանային թերթի այդ միտինգներում թևածում էին երկու հիմնական լոզունգներ՝ «Մենք միշտ պատրաստ ենք պաշտպանելու մեր սրբազան հողը» և «Գազազած Հիտլերը և նրա կլիկը այս պատերազմում կջախջախվեն զարնվելով մեր կարմիր բանակի պողպատե զրահներին»։

Հենց պատերազմի առաջին օրերից սկսվեց զորակոչը, ծնունդ առավ նաև կամավորական շարժումը։ 1941 թվականին Սիսիանն ուներ 29 հազար 626 բնակիչ։ Պատերազմի տարիներին ճակատ մեկնեցին 5493 սիսիանցիներ, ըստ որում` 28-ը՝ կանայք։ Այս թվերի մեջ մտնում են նաև այն սիսիանցիները, որոնք ճակատ են մեկնել Խորհրդային Միության այլ բնակավայրերից։ Շատ ընտանիքներ ռազմաճակատ ճամփեցին տան բոլոր տղամարդկանց։ Սիսիանից ճակատ մեկնեցին, օրինակ, Ամիրջան Գասպարյանի 5, Շաղատից՝ Մկրտիչ Ստեփանյանի 4, Բնունիսից՝ Համբարձում Ներսիսյանի 4 որդիները ։upload TASS 1203164 pic905 895x505 95415

Սիսիանցիները կռվել են տարբեր ճակատներում։ Դեռ պատերազմի առաջին օրերին իրենց փառքով պսակեցին աշոտավանցի Անդրանիկ և դիվիզիայի հրամանատար Աշոտ Սարգսյան եղբայրները։ Անդրանիկը դեռ 1941 թվականի հուլիսի 25-ին պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով։
vorotan 2 208x300Իսկ Աշոտ Սարգսյանը… Դեռ չի շարադրվել այն դյուցազնավեպը, որ նրա կողմից կերտվեց պատերազմի հենց սկզբների դժնդակ և խառնաշփոթ օրերին։ Նա ավարտել է Լազարյան ճեմարանը, Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան և ստացել գնդապետի կոչում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Խորհրդային Հայաստանի նորաստեղծ բանակի ձևավորման գործում։ Նրա ռազմական տաղանդը ժամանակին բարձր է գնահատվել Ալեքսանդր Մյասնիկյանի և նրա ընկեր ու զինակից Հովհաննես Բաղրամյանի կողմից։ Պատերազմի հենց առաջին օրերին դրսևորվեցին նրա ռազմավարական տաղանդն ու հմտությունները։ Դիվիզիան, որ ղեկավարում էր նա, ամրացած էր Արևմտյան Ուկրաինայում։ Լվովի մատույցներում հակառակորդի սրընթաց առաջխաղացումը կասեցնելու և կազմակերպված հակահարված տալու շնորհիվ նա կարողացավ ապահովել շրջապատման մեջ ընկած խորհրդային զորախմբերի կանոնավոր նահանջը։ Դժբախտաբար, արդեն գեներալական կոչման սպասող հրամանատարի կյանքի թելը շուտ կտրվեց։ Հուլիսին նա զոհվեց Վիննիցայի տակ մղվող անհավասար մարտերում։ Նրա դին Հովհաննես Բաղրամյանի նախաձեռնությամբ փոխադրվեց Կիև և հողին հանձնվեց զինվորական հոսպիտալի բակում։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի առաջարկությամբ նրա ծննդավայր Աղքենդ գյուղը վերանվանվել է նրա անվամբ՝ Աշոտավան։
Պատերազմում արմատական բեկում տեղի ունեցավ Ստալինգրադի ճակատամարտից հետո։ Այստեղ հայ ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների հետ կռվում էին նաև մեծաքանակ սիսիանցիներ։ Հատկանշական է, որ նշանավոր «Պավլովի տան» քաղղեկը եղել է բռնակոթցի Վաչե Հովակիմյանը։ Նա հարազատներին Ստալինգրադից ուղարկած նամակներից մեկում գրել է`«…Մենք անխնա ոչնչացնում ենք թշնամիներին։ Մոտենում է նոր տարին։ Խմեցեք մեր հայրենիքի պաշտպանների, հաղթանակի կենացը։ Հաղթանակը մերն է»։ Դնեպրի անցման ժամանակ կտրվեց Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշանների ասպետ 25 ամյա Վաչե Հովակիմյանի կյանքի թելը։ Ստալինգրադի ճակատում հռչակվել էր դիվիզիայի սերժանտ Ույծ գյուղացի Արգամ Հակոբյանի անունը։ Նրա ականանետային փոքրիկ միավորումը հերոս քաղաքի մատույցներում ոչնչացրել է 400 ֆրից, թշնամու 4 տանկ, նույնքան ավտոմեքենա, բազմաթիվ գնդացիրներ, թնդանոթներ, ականանետի մի քանի մարտկոցներ։ Պատերազմից հետո նա երկար տարիներ Ույծի դպրոցի տնօրենն էր։ Նույն գյուղացի Նիկոլայ Հարությունյանը 1300 օր եղել է ռազմաճակատի առաջին գծում և արժանացել բազմաթիվ շքանշանների և մեդալների։
Սիսիանցիները աչքի են ընկել նաև շատ այլ ճակատներում։ Բռնակոթցի մայոր Անդրանիկ Գրիգորյանի մարտական ընկեր կապիտան Վանինը նրա մասին ճակատային թերթերից մկում գրել է. «Կերչի տակ նա նստած էր գնդացիրի մոտ, 18 «Մաքսիմ» կանգնած էին համարյա շարքով: Հրամայված էր մեռնել, բայց կանգնեցնել գերմական դիվիզիան: Գրիգորյանն ասաց իր մարտական ընկերներին` կանգնեցնելը քիչ է, պետք է ոչնչացնել… – Կրակ բաց չանել,- հրամայեց Գրիգորյանը,- մինչև չերևան կոճակները մունդիրների վրա: Սպասել իմ հրամանին: … Վաղ առավոտյան գումարտակի դիրքերը եկավ գեներալը, որին գումարտակի հրամանատար Գրիգորյանը զեկուցեց. «Ձեր հրամանը կատարված է, գերմանացիները դուրս են շպրտված պլացդարից»: Գեներալը սեղմց սպայի ձեռքը: Իսկ այդ գիշերվա մարտերը, որի մասին զեկուցեց համեստ կերպով, անցան ոչ այնքան հասարակ ու թեթև: Հարազատները սպասում են Անդրանիկին: Բեռլինը տես ու ետ եկ,- գրում են նրանք» («Կոմունիզմ ուղեգիր» շրջթերթ, 23-ը փետրվարի, 1945 թ.): Դժբախտաբար նա չեկավ։ Զոհվեց հաղթանակից օրեր առաջ։

vorotan 3 300x173Նկարում՝ այսպիսի ջերմությամբ են ընդունել նրան Կարպատներում:

Սիսիանցիները մարտնչել են նաև պարտիզանական ջոկատներում։
Հայտնի պարտիզաններից է ծագումով Գորայք գյուղացի Պռոշա Ադամյանը։ Երևանցի Հարություն Սևոյանը իր ընկերոջ՝ Պռոշայի մասին գրել է` «1943 թվականի նոյեմբերին ֆաշիստները Կիրովգրադի մարզի Ֆեդվեր գյուղ էին հավաքել 48 կոմունիստների՝ տոնին գնդակահարելու նպատակով։ Պռոշան իր ջոկատով մշակեց օպերացիան և գործի անցավ։ Մի գիշեր միայն, և փրկվեց 48-ի կյանքը։ … Նույն թվականի նոյեմբեր ամսին միայն Պռոշայի ջոկատը շարքից հանեց թշնամու 108 հեռախոսագիծ, 2 տանկ, 4 ավտոմեքենա, 2 մոտոցիկլ, 28 զինվոր և սպա։ Նրա կյանքը, սակայն, կարճ տևեց։ Ընկավ անհավասար մարտերից մեկի ժամանակ»։

Մեծ Հայրենականում աչքի են ընկել նաև սիսիանցիներ Աիդա Հակոբյանը, Վահան Սուլեյմանյանը, Լիպարիտ Ղուկասյանը, Դանիել Դանիելյանը, Զավեն Օհանյանը, Բագրատ Դավթյանը, Մամիկոն Հայրապետյանը, Միսակ Առաքելյանը, Համբարձում Բաբաջանյանը, Արամ Մկրտչյանը, Վազգեն Աբրահամյանը, Ժորա Հարությունյանը, Հովհաննես Ավետիսյանը և շատ ու շատ ուրիշներ։ Մուցքեցի գնդապետ Ամիրջան Դանիելյանը նշանակվել է Քյոնիքսբերգի, իսկ գետաթաղցի կապիտան Գևորգ Կարապետյանը՝ Կրակովի պարետ։
Մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար սիսիանցիներից 4 հոգի՝ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը (Բռնակոթ), Անդրանիկ Մանուկյանը (Բնունիս) և Գեորգի Առուտամյանը (Շաղատ) արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման:herosner

Խորհրդային Միության հերոսներ (ձախից՝ աջ)Լիպարիտ Իսրայելյանը, Սամսոն Մկրտումյանը , Անդրանիկ Մանուկյան և Գեորգի Առուստամյանը

1500 սիսիանցիներ արժանացել են շքանշանների: Լենինի շքանշանի է ար ժանացել 7, Մարտական կարմիր դրոշի շքանշանի՝ 14 հոգի: Աշոտավանցի Սամվել Զոհրաբյանը դարձել է Փառքի շքանշանի 3 աստիճանների ասպետ:


Աղբյուրը՝ Vorotan.am
ՀԱՏՎԱԾ ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՍԻՍԻԱՆԸ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ (Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ) հոդվածից

Add comment


1