Main content

p25846Մեծ Հայրենականի հաղթանակի գործում անասելի մեծ է թիկունքի ներդրումը։ Ռազմաճակատ մեկնածներին փոխարինում էին կանայք, մեծահասակները, անգամ՝ դպրոցականները։ Դատարկվող գյուղերում չէր դադարում աշխատանքը։ Հատկապես արժե հիշատակել սիսիանցի կանանց, ովքեր փոխարինելով ճակատ մեկնած տղամարդկանց, պատվով կատարեցին բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած էին պատերազմի դժնդակ տարիներին։

Դժբախտաբար, նրանց մեծ մասն այրիացավ կամ մայր մնաց առանց որդիների։ Մարդկանց տքնաջան աշխատանքով ստեղծված բարիքները ուղարկվում էին միայն մեկ ճանապարհով, որի վրա գրված էր` «Ամեն ինչ ռազմաճակատի համար»։ Շրջանի կոլտնտեսությունները պատերազի տարիներին պետությանն են հանձնել 57 հազար 36 ցենտներ հացահատիկ, 9800 ց. կարտոֆիլ, 47000 ց. կաթնամթերք, 2293 ց կտավատ, 31116 ց միս, 2500 ց բուրդ: Բացի այդ, ազատ գնմամբ հանձնվել է 65000 փութ հացահատիկ, ազատագրված շրջաններին է նվիրվել 1200 գլուխ մանր, 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ:

Այս ամենից զատ Սիսիանի աշխատավորները մինչև պատերազմի վերջ իրենց յուրաքանչյուր ամսվա մեկ օրվա վաստակը փոխանցել են երկրի պաշտպանության ֆոնդին։ Շատերը չեն խնայել անգամ իրենց անձնական միջոցները։ 1941 թվականի օգոստոսին ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր կթվորուհի Նանագյուլ Հարությունյանը պաշտպանության ֆոնդին է նվիրել իր արծաթյա գոտին, իսկ միայն 1942 թվականի ապրիլին 14 կոլտնտեսություններից 978 կիլոգրամ քաշով 97 կտոր նվեր-ծանրոցներ են ուղարկվել գործող բանակի մարտիկներին, հրամանատարներին և քաղաշխատողներին։

Ընդհանուր առմամբ պատերազի տարիներին շրջանը ճակատ է ուղարկել 20907 կտոր տաք հագուստ, 29528 կգ նվեր-ծանրոցներ, պաշտպանության ֆոնդին է հատկացրել 248 000, տանկային շարասյան ստեղծմանը՝ 678 000, Լենինգրադի վերականգնմանը՝ 1 մլն 23 000 ռուբլի, որի համար շրջանի աշխատավորությանը շնորհակալություն է հայտնել անձամբ Ստալինը։

vorotan 8«Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար գումարի հանգանակման գործում արտասահմանում մեծ ներդրում է ունեցել բռնակոթցի Ատրպատականի թեմական առաջնորդ Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը։ Երկրորդ աշխարհամարտից հետո նա հայկական հարցի լուծման նկատմամբ մեծ հույսեր էր կապում։ «Գեթ այս անգամ պետք է ուշադրության առնեն այս նահատակ ժողովրդի իրավունքներն ու պահանջները» ,- կարծում էր նա։ Թեև 1945 թվականի կաթողիկոսական ընտրություններին չկարողացավ Էջմիածին գալ, սակայն պատվիրեց իր տեղակալ տեր Կարապետ ավագ քահանա Մանուկյանին մասնակցել ժողովին և ստորագրել Ստալինին ուղղված այն դիմումի տակ, որով պահանջվում էր Թուրքիայից ետ վերցնել հայկական հողերը։

Պատերազմի տարիներին մարդկաց բարոյական ոգին վառ պահելու նպատակով ինչ-որ կերպ ապահովվում էր ճակատի և թիկունքի կապը։… Այս առումով հիշարժան են հետևյալ երկու հանդիպումները։ 1943 թվականի սեպտեմբերին Սիսիան եկավ Խորհրդային Միության հերոս մայոր Ղուկաս Մադոյանը։ Կուսշրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ Արտավազդ Դիլանյանը նրան տարավ Բռնակոթ։ Այստեղ էին հրավիրվել նաև Սալվարդի, Թասիկի, Հացավանի և Աշոտավանի ներկայացուցիչները: Ելույթ ունեցան Բռնակոթի դաշտավարության բրիգադիր Մուշեղ Ղուկասյանը, կոլվարչության նախագահ Եղիշե Ենգիբարյանը, Թասիկի կոլվարչության նախագահ Գրիգոր Գրիգորյանը, Սալվարդի կոլվարչության նախագահ Սամվել Պողոսյանը՝ ներկայացնելով թիկունքայինների ոչ պակաս հերոսական գործունեությունը։ 1945 թվականի ապրիլին Խորհրդային Միության հերոս Լիպարիտ Իսրայելյանը արձակուրդ եկավ: Շրջկենտրոնի կինոթատրոնի շենքում կազմակերպվեց հանդիպում: Նա ընդունվեց խանդավառությամբ: Վերջում ելույթ ունեցավ հերոսը և կոչ արեց աշխատել օր ու գիշեր, օգնել բանակին հաղթանակն ավելի մոտեցնելու համար:

Սիսիանը պատերազմում տվել է 2807 զոհ։ Սիսիանցիները երբեք չեն մոռանում իրենց նահատակ զինվորներին։ Նրանց հիշատակը հավերժացնելու նպատակով տարածաշրջանի բնակավայրերում կառուցվել են 27 հուշարձաններ և 7 աղբյուր-հուշարձաններ։
Սիսիանն ամուր մնաց  պատերազի երկար ու ձիգ տարիներին, պատվով կատարեց իր պարտքը թե՛ ճակատում և թե՛ թիկունքում: Պատերազմի տարիներին գրվեց Սիսիանի պատմության հերոսական և երբեք չխամրող էջերից մեկը։

Աղբյուրը՝ Vorotan.am
ՀԱՏՎԱԾ ՀԵՆԶԵԼ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՍԻՍԻԱՆԸ՝ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻՆ (Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ) հոդվածից

Add comment


1