Main content

IMG 0066a48fe81053573c38c2bf4726a1c7 V
Արևիսը մեկն է Սիսիանի տարածաշրջանի այն 30 համայնքներից, որոնց միավորման արդյունքում կազմավորվեց Սիսիանի բազմաբնակավայր համայնքը: Ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա գտնվող բնակավայրը Սիսիանից հեռու է 21 կմ, իսկ մարզկենտրոն Կապանից՝ 125 կմ: Գյուղը 1998թ․ կառավարության որոշումով համարվել է սահմանամերձ: Ըստ համայնքի ժողովրդագրական ցուցանիշների Արևիսում բնակչության թիվը 102 է: Հիմնականում միջին և բարձր տարիքի մարդիկ են այստեղ ապրում, մինչև մեկ տարեկան ընդամենը 2 երեխա կա: Արևիսն ունի ընդհանուր 5856 հա հող, որից գյուղատնտեսական նշանակության է 3138 հեկտարը: Մշակաբույսերից այս տարի միայն հաճար է ցանվել՝ մոտ 30 հա: Գյուղում զարգացած է մեղվապահությունը, 160 մեղվաընտանիք կա:

 

Արևիսը հիշատակվում է դեռևս 1411 թվականից, այն եղել է գրչական կենտրոն: Ունեցել է բազմաթիվ անուններ՝ Արավիս, Արավսա, Արավուս, Շահարջիկ, Շենիրճիկ, Սափար-Ալի: 1968թ․ վերջնականապես կոչվել է Արևիս:
ՀՀ կառավարությունը 2002թ․ կազմել է Արևիս գյուղի պատմամշակութային հուշարձանների ցանկը, որտեղ ներառված է 12 հուշարձան: Այդ ցանկում է 491թ․ կառուցված Թանահատի Սբ. Ստեփանոս եկեղեցին, այն հայտնի է նաև Կարմիր վանք կամ Ղըզըլ վանք անվանումներով: Ցանկը շարունակում է միջնադարյան ավերված գերեզմանոցը, որի տարածքից հայտնաբերվել է Արգիշտի Բ-ի սեպագիր արձանագրությունը, այն պահվում է Երևանի «Էրեբունի» թանգարանում: Ցանկում ներառված են նաև 10-11 դարերի մի շարք խաչքարեր:IMG 64596468fb217123aeba3a4ef8366a58 V

Փոքր բնակավայր՝ մեծ խնդիրներով

Սիսիանից Արևիս տանող ճանապարհն անցնելը ֆորտբոյարյան փորձություն է հիշեցնում, հատկապես ճանապարհի Թասիկ-Արևիս հատվածը: Ամեն մի փոսն ու անհարթությունը հաղթահարելիս մտածում ես, որ այստեղ ապրողներն իրական հերոսներ են, բավական չէ, որ սահմանամերձ գյուղի բնակիչներ են, ժամանակ առ ժամանակ էլ ստիպված են լինում հաղթահարել քարուքանդ ճանապարհներն ու հասնել Սիսիան: Ասֆալտն, իհարկե, երազանք է, համայնքապետարանը ի վիճակի է միայն հարթեցման աշխատանքներ կատարել, ինչն էլ, սակայն, այդքան արդյունավետ չէ, մի քանի ժամվա հորդ անձրևը կքշի ու ձորը կլցնի մի քանի օրվա տանջանքը․ ասֆալտ է պետք:

Գրանցում ունեցող 101 բնակչից երեսունն է գյուղում մշտական բնակվում: Ոչ բոլորն են պատրաստ ապրել մի վայրում, ուր ապրուստի միակ միջոցը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է, չկան աշխատատեղեր, բարեկեցիկ պայմաններ: Որպես առավելություն, սակայն, կարելի է նշել, որ գյուղապետարանի օրոք լուծվել է խմելու ջրի և լուսավորության հարցը: Գյուղը որպես այդպիսին միգուցե չլիներ, եթե չլիներ շատ մեծ դժվարությամբ գոյատևող դպրոցը. «Չլիներ դպրոցը, չէր լինի նաև գյուղը, թեպետ ըստ ծնելիության մակարդակի, գուցե մի քանի տարի հետո դպրոցն իսկապես չլինի», - ասում Արևիսի վարչական ղեկավար Սասուն Սահակյանը:IMG 2d8c113a6f76861331fdecd9fd545607 V

Դպրոցի 5 աշակերտից 3-ը մի ընտանիքից է

«Նման պայմաններում անգամ 5 աշակերտանոց դպրոցն ենք դժվարանում պահել», - ասում է Արևիսի հիմնական դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանը՝ ի նկատի ունենալով դպրոցի շենքի խարխլված ու կիսաքանդ վիճակը: 1948թ․ շինությունը այլևս չի դիմակայում ժամանակի փորձությանը, ջարդուխուրդ է տանիքը, փտած են առաստաղը պահող գերանները: Կահավորված է դասասենյակներից միայն մեկը, որտեղ իր դասերն է անցկացնում  3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններում սովորող 5 աշակերտ: Երեխաներին, ինչպես հարկն է, ուսուցանվում են դպրոցական ծրագրով նախատեսված բոլոր առարկաները: Երեք ուսուցիչ և տասից ավելի առարկա, ոչ բոլորն են համաձայն դպրոցում դասավանդելու, ամեն օր դժվարին ճանապարհ կտրելու ու հասնելու գյուղ: «Դպրոցն ունի հիմնանորոգման, կահույքի և իհարկե՝ ամենակարևորը, ուշադրության կարիք, - ասում է տնօրենը, - լինելով սահմանամերձ գյուղ՝ ակնկալում ենք առավել արտոնյալ վերաբերմունք, ինչը, ցավոք, չկա, երբեմն վիրավորվում եմ, երբ հեգնում են, թե քիչ աշակերտ ունենք: Կարծում եմ՝ մեր գյուղը մի փոքր ուշադրության պարագայում արագ տեմպերով կվերաբնակեցվի, բարեկեցիկ պայմանները շատերին կվերադարձնեն գյուղ»: Դպրոցը գործում է 1994թ․-ից, փակվելու վտանգը վերջին տարիներին է մեծացել, այն գոյատևում է գյուղի միակ բազմազավակ ընտանիքի՝ Առուստամյանների շնորհիվ, աշակերտներից երեքը նրանց ընտանիքից են: Հերմինե Առուստամյանը իր ութ երեխայով դարձել է դպրոցի գոյատևման միակ երաշխավորը:

Հույս դեռ կա

Ամեն ինչ արվում է, որ Հերմինեն և իր ութ զավակները չլքեն գյուղը, դպրոցում որպես հավաքարար է աշխատում, իսկ երեխաների հայրը՝ պահակ: 38-ամյա Հերմինեն երկու անգամ  ամուսնալուծվել է, զավակներից հինգը առաջին ամուսնուց են, երեքը՝ երկրորդ: Միայնակ մայր է, Արևիս է տեղափոխվել Գորիս քաղաքից, սեփական տուն չունի, 2013 թվականից, գյուղապետարանի միջնորդությամբ, առանց վարձի ապրում է գյուղի դատարկ տներից մեկում: Այն կիսաքանդ է ու հիմնանորոգման ենթակա, տանիքն ամբողջությամբ պետք է փոխվի: «Եթե գոնե միայն տանիքը փոխվի, էլ ուրիշ բան չեմ ուզում», - ասում է Հերմինեն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ է գրել, անձնական խնդիրներից զատ նաև գյուղի խնդիրներին է անդրադարձել, դեռ պատասխան չկա, սակայն հույսով դրական պատասխանի է սպասում: Անձնական խնդիրները տան վատթար վիճակով չեն սահմանափակվում: Հիվանդությունները հանգիստ ապրել չեն թողնում՝ հեպատիտ B, գլխի կիստաներ, հեռացված լեղապարկ… շարունակելն անիմաստ է, քանի որ դրանք շատ-շատ են: Լիարժեք բուժում չի ստանում, 70000 դրամ նպաստը, 53000 դրամ ալիմենտն ու հավաքարարի աշխատավարձը մի կերպ են բավականացնում երեխաների հոգսը հոգալու համար: Մեծ տղան ժամկետային զինծառայող է, քարագործի մասնագիտություն ունի, ասում է՝ գյուղ չի վերադառնա, կխորանա մասնագիտության մեջ, կապրի քաղաքում, մայրիկին էլ ֆինանսապես կօգնի: Դուստրերից մեկը Գորիսի քոլեջում է սովորում, բուժքույր է դառնալու, թեպետ անվճար է, կրթաթոշակ էլ է ստանում, սակայն ընթացիկ ծախսերը քիչ չեն: Երեխաներից երեքը, ինչպես արդեն նշեցինք, դպրոցահասակ են, յոթերորդ բալիկը երեք տարեկան է, իսկ ութերորդը՝ հինգ ամսական: Նրանց ծննդով ամբողջ գյուղն է ուրախացել՝ աշակերտներ են ծնվել։ Ընտանիքի միակ ունեցվածքը մեկ կով է եղել, այն էլ օրերս սատկել է, փոքրիկի կաթը ստիպված պետք է շարունակեն գնել:IMG f5b1d77f94c4dbce7552e445b1c5f025 V

Այս և շատ ու շատ այլ խնդիրներ գյուղում հերոսաբար հաղթահարվում են: Փոքրիկ գյուղ, փոքրաթիվ բնակչություն, սակայն ամուր ու հաստատուն կամք՝ ապրել ու շենացնել մեծ աշխարհի իրենց փոքրիկ անկյունը: Ու այս ամենի համար պահանջների շարքն էլ մեծ չէ, միակ ցանկությունն է, որպեսզի հների կողքին նոր տներ կառուցվեն ու… ու որ գյուղը «չքանդվի»:
Անի Սիմոնյան
http://www.zangezur.tv/



Add comment