Main content

956911Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը թևակոխում է բարձր լարման շրջափուլ։ Ընտրարշավի մեկնարկից ավելի քան մեկ շաբաթ անց արդեն հնարավոր է արձանագրել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի որդեգրած մարտավարությունը, հիմնական թիրախները և քարոզարշավի անցկացման մեթոդիկան։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ նախորդ համապետական ընտրությունների հետ համեմատած ներկայումս ընթացող նախընտրական քարոզարշավն աչքի է ընկնում մի շարք կարևոր առանձնահատկություններով։

 

Ընտրաշավին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերը քարոզարշավն իրականացնում են քաղաքացիների հետ ուղղակի շփումների, քայլերեթերի ու իրազեկման ակցիաների և այսպես կոչված «տնետուն, դռնեդուռ» քարոզչության միջոցով։ Մեթոդական տեսանկյունից  քարոզարշավի անցկացումը քաղաքացիների հետ ուղղակի շփումների ձևաչափով մեկնարկեց 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։ 2013 թվականին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը և նրա թիմը նախաձեռնել էին քաղաքացիներին անձամբ մոտենալու, բարևելու մարտավարություն։ Քարոզարշավի սկզբին այս մարտավարությունը նույնիսկ հոմորային մեկնաբանությունների տեղիք տվեց, սակայն գործնականում պարզ դարձավ, որ հանրահավաքային ձևաչափն արդյունավետության տեսանկյունից զիջում է քարոզարշավի այսօրինակ դրսևորումներին։ Արդեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի մեծ մասն իրականացնում էր քարոզարշավն այսպես ասած՝ ժողովրդի մեջ։

Հարկ է նշել, որ հանրահավաքային կամ հարթակային քարոզարշավը մի շարք առումներով այլևս նպատակահարմար չէ։ Ըստ էության, հարթակի առկայությունը որոշակիորեն խորհրդանշում է հարթակում գտնվողների և հարթակից ներքև կանգնածների տարբերություն, այլ կերպ ասած՝ հարթակում կանգնածները ընկալվում են որպես իշխանության կրող, իսկ հարթակից ներքև՝ հասարակությունը որպես ենթակա, իսկ բեմահարթակն էլ իր հերթին այս երկուսի միջև գտնվող անջրպետ։

Մյուս կողմից՝ զուտ ներկայացուցչական տեսանկյունից պետք է արձանագրել, որ բավական տխուր պատկեր է ստացվում, երբ հարթակի վրա գտնվող և քարոզարշավ իրականացնող քաղաքական ուժին հետևում են հարթակից ներքև գտնվող մի քանի կամ էլ մի քանի տասնյակ քաղաքացիներ։ Ֆորմալ բեմահարթակի բացակայությունն ըստ էության լուծում է այս խնդիրը։  Ի դեպ, այստեղ հարկ է նշել, որ այնուամենայիվ հարթակի և հանրահավաքային ելույթների անհրաժեշտություն առաջ է գալիս այն դեպքերում, երբ քարոզարշավ իրականացնող ուժի համակիրները բազմաթիվ են և գործնականում հնարավոր չէ այլ ձևաչափով շփվել քաղաքացիների հետ, սակայն անգամ այս դեպքերում, քաղաքական գործիչները քաղաքացիների միջով, ողջունելով, զրույցի բռնվելով և այլն։  

Վերոնշյալից զատ՝ ներկայումս ընթացող նախընտրական քարոզարշավի սկզբունքային առանձնահատկություններից են քաղաքական բանավեճերը։ Հայաստանյան հեռուստաընկերությունների և հեղինակավոր  էլեկտրոնային լրատվամիջոցների գերակշիռ մասն այսօր կազմակերպում են քաղաքական բանավեճեր։ Թերևս այս փաստը նախկինում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավների համեմատությամբ ամենակնառուն է։

Ընդհանրապես, քաղաքական բանավեճերի անհրաժեշտության մասին բազմիցս խոսվել է ամենատարբեր հարթակներում։ Մեծ հաշվով, նման բանավեճերի կարևորության վերաբերյալ քաղաքական դաշտի բոլոր խաղացողները համակարծիք են։ Սակայն մինչհեղափոխական հայաստանյան քաղաքական միջավայրի առանձնահատկություններից ելնելով քաղաքական դեբատների պակասը մշտապես զգացվել է։ Ներկայումս ընթացող քարոզարշավում կարծես թե քաղաքական բանավեճերի պակաս չի զգացվում։ Ընդ որում՝ պետք է շեշտել, որ բանավեճերին մասնակցում են քաղաքական ուժերի առաջնային հորիզոնականներ զբաղեցնող գործիչները։ Ի դեպ, հարկ է նշել նաև, որ քաղաքական բանավեճ է տեղի ունենալու նաև ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակի առաջին համարների մասնակցությամբ։      Այս փաստն ինքնին հատկանշական է, քանի որ նախկինում մշտապես խնդիրներ են առաջացել քաղաքական ուժերի առաջին համարների դեբատների կազմակերպման գործում։ Ըստ էության ամենաբարձր մակարադակով տարվող քաղաքական բանավեճերը հենց այն գործիքներն են, որոնցով հանրությանը հասանելի են դառնում այս կամ այն քաղաքական ուժի ծրագրային և սկզբունքային դիրքորոշումները, տեսլականը, տարբերությունները։

Այս տեսանկյունից, անշուշտ, հարկ է նշել նաև, որ որոշակի շրջանակների և քաղաքական ուժերի կողմից առկա են նաև վերապահումներ այդ բանավեճերի ձևաչափի և մասնավորապես բովանդակության շուրջ։ Հատկապես շեշտվում է այն, որ որոշակի դեպքերում բանավեճերը չեն ընթանում ծրագրային կետերի շուրջ և ավելի շատ նմանվում են վիճաբանության և  փոխադարձ մեղադրանքների։ Սակայն այս առումով նկատենք, որ բանավեճի բովանդակությունը անմիջական և օրգանական կապ ունի քաղաքական դաշտի կայացվածության,  առկա օրակարգերի և տրամադրությունների հետ և սկզբունքորեն բոլորովին այլ խնդիր է։ 

Աղասի Մարգարյան
http://www.armenpress.am

Comments   

0 #2 SexallDeevavy 2018-12-11 06:15
Где купить входные двери.: https://dum.md/ru/products/stalinie_dveri_v_kvartiru
Quote
0 #1 Jamesdup 2018-12-06 15:22
Hi Look what we have for you! niceoffering
Just click

http://bit.ly/2whZJlw
Quote

Add comment