Main content

IMG 3323 копияՍիրելի գործընկերներ, նոյեմբերի 10-ը տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրն է, այս տարի նշվում է մեր երկրի պետականաշինության գործում մեծ կարևորություն ունեցող համակարգի 23 ամյակը:

Այս առիթով ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր կանգնած են ՏԻՄ կազմավորման ակունքներում, բոլոր նրանց, ովքեր անձնվեր աշխատանքով արդարացրել և արդարացնում են իրենց ընտրողների հույսերն ու սպասումները: Տեղական ինքնակառավարման մարմինների օրը տոնական օրացույցում ամրագրվել է 2011 թվականին՝ հնարավորություն ընձեռելով տարվա մեջ մեկ անգամ հետադարձ հայացք նետելու, անցածը գնահատելու և բացթողումները շտկելու համար: Երկու տարի առաջ մեր համայնքը խոշորացվեց և սկսվեց ՏԻՄ պատմության նոր շրջափուլ՝ լի բազմաթիվ խնդիրներով ու բարդություններով: Նորաստեղծ ՏԻՄ-ը իր առջև ծառացած ցանկացած խոչընդոտ կարողացել և կարողանում է հաղթահարել բոլորիս համախմբված ու նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ: Այս տարիների ընթացքում կարողացել ենք ստեղծել մի ամրակուռ շղթա, որի օղակները, մեկը մյուսին լրացնելով, նպաստում են համայնքի զարգացմանն ու առաջընթացին: Մենք կարողացել ենք ստեղծել բոլոր պայմանները և հնարավորությունները, որպեսզի բնակիչները, հասարակական կազմակերպությունները և մասնավոր հատվածը իրազեկ լինեն ՏԻՄ գործունեության մասին և կարողանան մասնակցել համայնքի կառավարմանն ու իրականացվող գործընթացներին: Արժևորելով մեր քաղաքացիների վստահությունը՝ կարողացել ենք անցնող երեք տարիների ընթացքում, որից երկուսը որպես խոշորացված համայնք, իրականացնել մոտ 3,5 մլրդ դրամի սոցիալ-տնտեսական տարատեսակ ծրագրեր, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված շինարարական բազմաթիվ աշխատանքներ, որոնք սկզբունքորեն չեն կենտրոնացվել միայն Սիսիան քաղաքում, համայնքի բոլոր բնակավայրերում լուծում են ստացել տարիների պատմություն ունեցող տասնյակ խնդիրներ: Եվ այդ ամենը, իհարկե, մեր բոլորի՝ ՏԻՄ և բնակիչ համատեղ աշխատանքի շնորհիվ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ գործընկերներիս՝ մաղթելով երբեք չկորցնել բնակիչների վստահությունը և արժանապատվորեն կրել համայնքային ծառայողի բարձր կոչումը:

Add comment


1